Վերջին տասնամյակներում նշանակալի փոփոխություններ են տեղի ունեցել բնակչության զբաղվածության համակարգում ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում։ Աստիճանաբար աշխատանքին բնորոշ են դառնում անկայունությունը, անկանխատեսելիությունը, ռիսկայնությունը։ Պրեկարայնությունն աշխատանքի այս հատկությունների հանրագումարային բնորոշումն է։ Այլ կերպ ասած՝ պրեկարային է այն աշխատանքը, որը ենթադրում է այն կորցնելու մեծ ռիսկ, սահմանափակ տնտեսական, սոցիալական և իրավական երաշխիքներ, քիչ ներուժ ապագայում պաշտոնի բարձրացման, վտանգավոր աշխատանքային պայմաններ և այլն։

Հայաստանում ո՞ր տիպի աշխատանքները կարող են բնորոշվել որպես պրեկարային

Հայաստանյան աշխատաշուկայի վերլուծությունը ցույց է տալիս, որ իր առանձնահատկություններով՝ պրեկարայնության խնդիրն առավել տիպականորեն կրում է սննդի սպասարկման և վաճառքի ոլորտը, քանի որ, օրինակ, այս ոլորտում մեծ է ոչ ֆորմալ տնտեսության մասնաբաժինը, ցածր են աշխատավարձերը, կարիերայի աճի հնարավորությունները փոքր են, առավել խոցելի է ճգնաժամային պայմաններում:

Պրեկարայնության ցուցիչներն առավել հատկանշական են ապագայի պլանավորման տեսանկյունից, քանի որ ընդգծում են մեր ժամանակաշրջանում ապագայի պլանների անցողիկությունը, փոփոխականությունն ու անկայունությունը, այսինքն՝ կյանքի ռազմավարություններ կարող են լինել, բայց կարճաժամկետ և դրվագային։ Այս փաստն էլ ակտուալացնում է պրեկարային աշխատանք կատարող հենց երիտասարդների կենսափորձի ուսումնասիրումը։ Հարց է առաջանում՝ ինչպե՞ս և ինչո՞ւ են այս կամ այն կերպ [A1] պլանավորում իրենց ապագան պրեկարային աշխատանք կատարող հայաստանաբնակ երիտասարդները, որին պատասխանելու նպատակով էլ իրականացվել է սոցիոլոգիական հետազոտություն։

Նշված հարցին պատասխանալու համար անհրաժեշտ տվյալներ ձեռք բերելու նպատակով իրականացվել են քանակական տվյալների երկրորդային վերլուծություն և որակական՝ նարատիվ հարցազրույցներ (երևանյան և մարզային սուպերմարկետներում ու հանրային սննդի կետերում աշխատող արական և իգական սեռի ներկայացուցիչների հետ 16 նարատիվ հարցազրույց)։ Որակական տվյալների վերլուծության համար կիրառվել է նարատիվ սեմիոտիկայի մեթոդաբանությունը։

Ի՞նչ ենք ստանում արդյունքում՝ քանակական և որակական տվյալների վերլուծության համադրությամբ

Ինչպես ոլորտ մտնելու, այնպես էլ դրանում աշխատանքը շարունակելու տեսանկյունից առանցքային նշանակություն ունի եկամուտը, որը կարելի է բնորոշել անկայունությամբ՝ կապված լինելով հավելավճարներ ստանալ/չստանալու, հերթափոխով/առանց հերթափոխի աշխատելու հետ։ Մյուս կողմից,  ժամանակային ծանրաբեռնվածության ավելացումը չի բերում եկամտի նշանակալի ավելացման։ Միաժամանակ իրական եկամուտները նշանակալիորեն տարբերվում են տվյալ աշխատանքի դիմաց սպասվող և բարեկեցիկ ապրելու համար անհրաժեշտ եկամուտներից։ Առավել հետաքրքիր է այն փաստը, որ տվյալ պահին ավելի բարձր եկամուտներ ունեցողներն ավելի շատ եկամուտ են ակնկալում ստանալ իրենց կատարած աշխատանքի դիմաց, օրինակ՝ արական սեռի ներկայացուցիչները իգական սեռի ներկայացուցիչների համեմատ, երևանաբնակները մարզաբնակների համեմատ։

Ներկայի աշխատանքային պրակտիկաները կապված չեն անցյալի փորձի հետ, այդ թվում՝ մասնագիտական կրթության։ Մի շարք օբյեկտիվ (կրթություն-աշխատաշուկա կապ, աշխատաշուկայի հնարավորություններ) և սուբյեկտիվ (մասնագիտության ընտրություն, հետաքրքրություններ) պատճառներով պրակտիկաները դառնում են դրվագային, ինչը նշանակում է, որ դրանք կենտրոնացված են ներկա կոնկրետ խնդրի վրա՝ այն չկապելով անցյալի փորձի և ապագայի երկարատև պլանների հետ։ Սա ընդգծում է երիտասարդների կողմից պրեկարային աշխատանք կատարելու գործիքային (ինստրումենտալ) բնույթը և պլանների ու ռազմավարությունների կարճաժամկետությունը, կենտրոնացվածությունը կյանքի տվյալ դրվագի հաջողության վրա։

Վերլուծությունը ցույց տվեց, որ աշխատանքը վերածվում է ռուտինայի՝ զբաղեցնելով ժամանակի մեծ մասը։ Ռուտինիզացիան ցույց է տալիս առօրեական իրադարձությունների, գործողությունների ցիկլիկ և ոչ յուրահատուկ լինելը, դրանց անընդհատ կրկնվող շրջապտույտը։ Տարիների ընթացքում՝ ծանրաբեռնվածության ավելացմանը զուգահեռ դա սկսում է վերաբերել ոչ միայն աշխատանքային հեռանկարներին, այլև կապվում է կյանքի ավելի լայն շրջանակի հետ՝ ամուսնություն, շփումներ, կրթություն և այլն։ Որպես արդյունք աշխատանքը դառնում է «թակարդ» կամ «ճահիճ», քանի որ հնարավորություն չի տալիս հետևողականորեն զբաղվել [ինքնա]կրթությամբ, զարգացնել հմտությունները, այլ փորձ ձեռք բերել և այլն։ Հետաքրքիր է, որ դա նպաստում է երիտասարդների՝ աշխատանքը փոխելու ցանկության առաջացմանը, սակայն գործնականում խոչընդոտում է այդ ցանկության իրագործմանը։

Ստացվում է, որ այս տիպի աշխատանք կատարող երիտասարդների ապագայի պլանավորումներում առկա է ցանկությունների և կոնկրետ քայլերի անհապատասխանություն։ Ավելի շատ գերիշխում են ապագայի մասին սպասելիքները, հույսերը, քան իրական հնարավորությունների հաշվարկը, որը ենթադրում է ռիսկերի հաշվարկ և այլընտրանքների մշակում։ Երիտասարդները նախընտրում են ռիսկի չդիմել, ինչի վրա դարձյալ ազդեցություն է ունենում ֆինանսական կայունության բացակայությունը։

Ի՞նչ եզրահանգման ենք գալիս

Պրեկարային աշխատանքում ընդգրկավածությունը փոխում է երիտասարդների ապագայի նախնական պլանները, և անընդհատ չլուծվող կայունության խնդիրն ու աստիճանական ռուտինիզացիան վերարտադրում են ապագայի պլանավորման անորոշությունը։

Այս վերլուծական նյութը կազմվել է «Սննդի վաճառքի և սպասարկման ոլորտում աշխատողների աշխատանքային պայմանները Հայաստանում» հետազոտության տվյալների հիման վրա։


Հեղինակ՝ Արմինե Ղալամդարյան
Սոցիես փորձագիտական կենտրոնի հետազոտական դրամաշնորհառու
ԴԱՏԱ ծրագիր